Բաժին. Տնտեսական

Մեկնարկել են Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքները

Մեկնարկել են Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:

Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ:

2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում:

Նշենք, որ «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5-10  երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: Ներկայում հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:

«Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: 36 հայ նկարիչներ ևս աջակցում են այս ծրագրին, և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին: 

Share