Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը

Մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի պարզաբանմամբ՝ գործընթացի շրջանակում ապամոնտաժվելու են այն վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ այդպիսով խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները: Մինչև տարեվերջ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում կապամոնտաժվի 106 գովազդային վահանակ:

Արազ Բաղդասարյանի խոսքով՝ գովազդային ոլորտի կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում ապամոնտաժումն իրականացվելու է ընկերությունների ուժերով: Փոխարենը՝ լրացուցիչ ներդրումների շնորհիվ գովազդային կազմակերպություններին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվելու է  քաղաքային չափերին համապատասխան, ժամանակակից գովազդային վահանակներ տեղադրելու հնարավորություն:

Փողոցների երթևեկի ծանրաբեռնվածության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 23-ից հետո:

Share