Բաժին. Տնտեսական

Ֆինանսիստները ու գործարարները կքննարկեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը (ՓՁԱՖ) կանցկացնեն համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման և ներդրումային խնդիրներին:

Միջոցառման նպատակն է միջազգային ներդրումային կազմակերպությունների և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու խոչընդոտների քննարկումը:

Համաժողովի ընթացքում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն կներկայացնի «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ֆինանսավորմամբ  իրականացված «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծում» ուսումնասիրության արդյունքները:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն մասնավոր ընկերությունների և ներդրողների գործակցության հաջողված պատմություններ:

Միջոցառմանը ներկա կլինեն՝ Արմենակ Դարբինյանը (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ), Նարեն Չանմուգամը (ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Տնտեսական աճի բաժնի տնօրեն), Հուբերտուս վան դեր Վաարտը (ՓՁԱՖ-ի գործադիր նախագահ և համահիմնադիր), ինչպես նաև ներկայացուցիչներ ֆինանսական հաստատություններից (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հայաստանյան գրասենյակներից), խորհրդատվական ընկերություններից, տարբեր ոլորտներ (դեղագործություն, շինարարություն, դիստրիբուցիա) ներկայացնող փոքր և միջին ձեռնարկություններից:

Share