Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:

Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրել է, որ Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել նշված միջոցառումների իրականացման համար: Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում` աջակցություն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին, ՏԻՄ-երի կարողությունների զարգացում եւ ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Տարածքային կառավարման նախարարության և ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները և կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների:

Փոխվարչապետը նշել է, որ ակնկալվում են կոնկրետ եւ գործնական նշանակություն ունեցող արդյունքներ, որոնք օգտակար կլինեն համակարգում իրականացվող բարեփոխումների համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես, հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, քննարկել են նաև հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցեր:

Share