Բաժին. Տնտեսական

Նախարար. Մինչ օրս ամբողջությամբ չի լուծել Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային խնդիրը

Մինչ օրս հնարավոր չի եղել ամբողջությամբ լուծել Ադրբեջանից մոտ երկու տասնամյակ առաջ բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է Ադրբեջանից բռնագաղթածների և սիրիահայերի խնդիրները՝ կարևոր համարելով նրանց բնակարանային ապահովվածության հարցը:

Նախարարի գնահատմամբ՝ Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հաջողվել է թեև ոչ մեծ մասշտաբի, բայց արդյունավետ ծրագրեր իրականացնել` մասնավորապես սոցիալական տների կառուցման եւ շահագործման ծրագրերը: Նա առանձնացրել է նաև գրասենյակի հետ համագործակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիայի ոլորտում տարբեր հետազոտությունների իրականացման, ինչպես նաև իրավական փաստաթղթերի մշակման աջակցության ոլորտներում:

Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը:  Հայաստանի կառավարության համար նա կարևոր է համարել փախստականների և տեղահանված անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խնդրի վրա հրավիրել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ուշադրությունը:

Share