Բաժին. Տնտեսական

Ստորագրվել է ներդրումային ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ հուշագիր

«Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» (ՓՁԱՖ) ընկերության Կովկասի աճի ֆոնդի և «Էկոսպան» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Մտադրությունների Հուշագիր՝ փայտատաշեղային սալիկների (DSP) գործարանի ներդրումային ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՓՁԱՖ-ի գործադիր նախագահ և համահիմնադիր Հուբերտուս վան դեր Վաարտը և «Էկոսպան» ՓԲԸ բաժնետեր Արման Ասլանյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:

Նշենք, որ ՓՁԱՖ-ը ֆոնդերի կառավարիչ միջազգային ընկերություն է, որը մեծ փորձ ունի տեղական ֆոնդերի կառավարման կարողությունների զարգացման գործում և տրամադրում է աճի և զարգացման կապիտալ Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի փոքր և միջին ձեռնարկություններին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի ներքո ՓՁԱՖ-ի առաքելությունն է Կովկասի աճի ֆոնդի միջոցով ներդրումներ իրականացնել աճի ներուժ ունեցող ընկերություններում` բաժնեմասնակցությամբ ներդրումների, պարտքի և միջանկյալ ֆինանսավորման գործիքների միջոցով:

Share