Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում մաքսային բարեփոխումների վերջին զարգացումները

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) կազմակերպել են համաժողով ՝ նվիրված Հայաստանում մաքսային բարեփոխումների վերջին զարգացումներին:

Համաժողովի նպատակն էր խթանել երկխոսություն  գործարար համայնքի և պետական մարմինների միջև, քննարկել միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համաձայնագրերի հիման վրա:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքացիական և ռազմական նպատակների համար կիրառվող ապրանքների և տեխնոլոգիաների (երկակի նշանակության ապրանքների) արտահանմանն ու ներկրմանը, փոստային առաքումներին, մաքսային խախտումներին և լիցենզավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ծանոթացել օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին, որը մշակվում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից՝ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ: Ներկայացվել է տարբեր երկրներում հաջողված մաքսային բարեփոխումների փորձը:

Գործարար համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել վեր հանելու առկա խնդիրները և ուղղելու իրենց հարցերը պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներին և տեղական ու միջազգային փորձագետներին:  Համաժողովի երկրորդ մասում մասնակիցները ծանոթացել են Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին, որը բիզնեսի շահերից բխող մաքսային ռիսկերի կառավարման գործիք է:

Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Ղազիյանը:

Համաժողովի ելույթներում կարևորվել է Հայաստանի մաքսային համակարգը բարելավելու և ԱՀԿ-ի և ՀՄԿ-ի միջազգայնորեն կիրառվող ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև այս գործընթացում բիզնեսի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Share