Բաժին. Տնտեսական

Առաջարկվում է ընդլայնել ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու դրույթի կիրառման շրջանակները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նշենք, որ օրենքով սահմանված է, որ 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում սահմանված է ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման դրույթ, իսկ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության իրավունքը վերապահված է կառավարությանը:

Ելնելով հետճգնաժամային ներկա փուլում ստեղծված իրավիճակից եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից՝ օրենքի նախագծով առաջարկվում է 6.1 հոդվածի 3-րդ պարբերության մեջ 300 մլն դրամը դարձնել 200 մլն դրամ, որը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումային նախագծերի իրականացման համար:  

Միևնույն ժամանակ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը առաջարկվում է նաև փոփոխություն կատարել օրենքի 3-րդ հոդվածում՝ հնարավորություն տալով ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին սահմանված կարգով եւս համարվելու ԱԱՀ վճարող:

Ազգային ժողովից հայտնում են, որ քննարկված այս օրինագիծը դրական եզրակացություն է ստացել և կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Share