Բաժին. Տնտեսական

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 4.12 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և ստացված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 4.12 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ինը գործի քննության արդյունքում կայացվել է 150.0 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 3708.7 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 412.5 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 800.0 հազար դրամ  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի ութ որոշում:

Ապօրինի որս

Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված ապօրինի ձկնորսության երկո ւդեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Սևանի մ/ճ հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի և ձկնորսության հինգ դեպքի քննության արդյունքում առգրավվել է 14 ձկնորսական ցանց, 21.5 կգ կարաս տեսակի ձուկ և 8 կգ խեցգետին: Բռնագրավված 8 կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողել Սևանա լիճ, իսկ 21.5կգ կարաս տեսակի ձուկը հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին՝ որպես հումանիտար օգնություն:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժինը՝ Թեժ գծով ստացված ահազանգի երեք գործի ուսումնասիրության արդյունքում  կայացրել է 150.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.1 մլն ՀՀ դրամի գումար:

Share