Բաժին. Տնտեսական

Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները ավելացրել են հիմնային մետաղների արտադրության ծավալները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են շուրջ 19%-ով և կազմել 120,8 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են մոտ 12%-ով և կազմել 7,2 հազար տոննա:

Այս նույն ժամանակահատվածում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 2,9%-ով և կազմել 11,6 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 11,5%-ով և կազմել 7,7 հազար տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրությունը աճել է 18,6%-ով և կազմել 4,4 հազար տոննա:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 4,8%-ով և կազմել 18,0 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 10%-ով և կազմել 13,9 տոննա:

Share