Բաժին. Տնտեսական

ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները ներկայացրել են շուկայի վերահսկողության ոլորտի նոր մոտեցումները

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է շուկայի վերահսկողության ոլորտում նոր մոտեցումների վերաբերյալ իրազեկման սեմինար` սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ մինչ այս նմանօրինակ միջոցառումներ անց են կացվել նաև Գյումրիում, Դիլիջանում և Ծաղկաձորում` տեղի տնտեսավարող սուբյեկտների և տնտեսական կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար:

Միջոցառումների նպատակն էր ներկայացնել շուկայի վերահսկողության ԵՄ մոդելը, ձևավորել պատկերացում տնտեսավարողների պատասխանատվության և սպառողների դերի վերաբերյալ, տրամադրել տեղեկություններ Շուկայի վերահսկողության պետական տեսչության դերակատարման և գործողությունների վերաբերյալ:

Միացյալ Թագավորությունից և Լիտվայի Հանրապետությունից ժամանած փորձագետները ներկայացրել են ապրանքի անվտանգության համապատասխանությանը վերաբերվող կանոնակարգերը, շուկայի վերահսկողության համար պատասխանատու մարմինների դերն ու պարտականությունները, «CE» մակնշման համապատասխանությունը անվտանգության պահանջներին, ինչպես նաև հավատարմագրված մարմինների, արտադրողների և ներմուծողների պարտավորությունները:

ԵՄ կողմից ֆինանսավորվող 1 000 000 ԵՎՐՈ արժողությամբ սույն Թվինինգ ծրագիրը իրականացվում է Northern Ireland Co-operation Overseas (NI-CO) ընկերության կողմից Լիտվայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ոչ պարենային ապրանքների տեսչության հետ համատեղ (Թվինինգ գործընկեր անդամ-երկրից):

Share