Բաժին. Տնտեսական

Ֆրանսիան մտադիր է սահմանափակել երկրում գրքերի օնլայն վաճառքը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է օրենքի նախագիծ, որը սահմանափակում է երկրում օնլայն վաճառք իրականացնող բիզնես-միավորների գործունեությունը: Այժմ սպասվում է, որ օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի վերին պալատին հաստատմանը:

Ըստ նախագծի՝ Ֆրանսիայի տարածքում գործող ինտերնետային խանութներին արգելվում է սպառողներին առաջարկել անվճար առաքում այն գրքերի համար, որոնք վաճառվում են զեղչով: Նշենք, որ 1981 թվականին ընդունված օրենքով՝ երկրում նոր գրքերի համար կարող է գործել առավելագույնը 5% զեղչ:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ այս օրինագիծն առաջին հերթին ուղղված է աշխարհի խոշորագույն ինտերնետային խանութներից մեկի՝ Amazon-ի դեմ:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայում գործող շուրջ երեք հազար անկախ գրախանութներ հայտարարել էին, որ չեն կարողանում մրցակցել Amazon-ի հետ, որտեղ զեղչով վաճառվող նոր գրքերի համար առաջարկվում է անվճար առաքում:

2012 թվականի արդյունքներով Ֆրանսիայում գրքերի վաճառքը կրճատվել է շուրջ 4,5%-ով:

Share