Բաժին. Տնտեսական

Մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Ցուցահանդեսին, որը կտևի 3 օր` հոկտեմբերի 4-ից 6-ը, մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ:  

Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են «10x Էնջիներինգ», «Անի–Տեստ», «Բիթլիս-ՄԵՆ», «Ինովեյթիվ Սոլյուշնս», «Ինտեգրատոր», Գիտության եւ Տեխնիկայի Թանգարան, «Մուշ-Թեքնոլոջիս», «Նաիրի-Թեք», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Օլիմպ Էնջիներինգ», «Պեգաս Լոջիք», «Փրոջեկտ Ինտեգրեշն» և այլն:  

Երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, որոնցից են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Սատիս», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ»,  «Օրանժ Արմենիա», «ԼանԱր Սերվիս», «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս», «Մայքրոսոֆթ», «Մոնիթիս Ջի-Էֆ-Այ» և այլ կազմակերպություններ:

Երրորդ հարկում տեղակայված են նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, գործարար հանդիպումների սրահը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

ԴիջիԼայֆ սեմինարներ – Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանությունը, նրա ծագումը, պատմությունը և ի՞նչու կիրառել այն» և այլն:   

Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ – Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Աշխատանքի առաջարկներով հանդես կգան «ԱրմենՏել», «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.», «Յուքոմ», «Հայկական ծրագրեր», «Օրանժ Արմենիա» և այլն: 

ArmRobotics – Կցուցադրվեն անօդաչու թռչող սարքեր:

Open Game Contest – Կցուցադրվեն «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերը:

ԴիջիԹեքին կից այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև ԱրմԹեք համաժողովը, որին աջակցում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը` ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանն նպաստելու, միջազգային գործարար կապեր և ներդրումներ խթանելու նպատակով:

9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է այցելուների թվի աճ` ավելի քան 25.000 այցելու` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Share