Բաժին. Տնտեսական

Moody's. ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը «չափազանց փոքր է»

Միջազգային Moody’s գործակալությունը ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը գնահատում է «չափազանց փոքր», չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետականները դեռևս չեն եկել որևէ համաձայնության: Moody’s-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեյ ՄակԴենիելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության մասնակի «անջատումը» կարճաժամկետ հատվածում երկրի տնտեսության վրա չի կարող լուրջ ազդեցություն թողնել: Ըստ նրա՝ ազդեցությունը կզգացվի ժամանակի ընթացքում:

Հիշեցնենք, որ հանրապետականները պահանջում են, որպեսզի դեմոկրատները հետաձգեն Բարաք Օբամայի առաջարկած՝ առողջապահական ապահովագրության մասին օրենքի իրագործումը, ինչպես նաև լուծել պետական պարտքի արագ աճի հարցը: Փոխարենը նրանք պատրաստ են թույլատրել բարձրացնել պետական փոխառությունների վերին սահմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում համաձայնեցնել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ինչով և պայմանավորված՝ առավել է սրվել պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցը:

Եթե ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ պետական պարտքի «վերին սահմանի» բարձրացման հարցի շուրջ, ապա երկրին սպառնացող դեֆոլտը կարող է մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

Սպասվում է, որ արդեն հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի կառավարությունը «կհատի» փոխառությունների համար սահմանված վերին սահմանը:

Նշենք, որ 1960 թվականից ԱՄՆ-ում պարտքի վերին սահմանը բարձրացվել է 78 անգամ և այժմ սահմանված է 16,7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ում դեմոկրատների և հանրապետականների «բյուջետային» տարաձայությունների արդյունքում շուրջ 700 հազար պետական աշխատող հեռացվել է աշխատանքից:

Share