Բաժին. Տնտեսական

Վերլուծաբանները ամերիկյան տնտեսությունից «մեծ սպասելիքներ» չունեն

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America Merill Lynch-ը, ԱՄՆ-ի տնտեսության վերջին զարգացումների և կառավարության գործունեության «կասեցման» ընդհանուր համատեքստում վերանայել և արդյունքում կրճատել է երկրի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները:

Հատկանշական է, որ կանխատեսումների հիմքում ընկած է այն վարկածը, ըստ որի՝ ԱՄՆ-ի կառավարությունն իր աշխատանքը կվերականգնի գործունեության դադարեցումից երկու շաբաթ անց:

Այսպես, Bank of America-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 1,7%-ով, իսկ չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ 2%-ով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտնվել է դեֆոլտի եզրին. հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում համաձայնեցնել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ինչով և պայմանավորված՝ առավել է սրվել պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցը:

Հանրապետականները պահանջում են, որպեսզի դեմոկրատները հետաձգեն Բարաք Օբամայի առաջարկած՝ առողջապահական ապահովագրության մասին օրենքի իրագործումը, ինչպես նաև լուծել պետական պարտքի արագ աճի հարցը: Փոխարենը նրանք պատրաստ են թույլատրել բարձրացնել պետական փոխառությունների վերին սահմանը:

Սպասվում է, որ արդեն հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի կառավարությունը «կհատի» փոխառությունների համար սահմանված վերին սահմանը:

Նշենք, որ 1960 թվականից ԱՄՆ-ում պարտքի վերին սահմանը բարձրացվել է 78 անգամ և այժմ սահմանված է 16,7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ում դեմոկրատների և հանրապետականների «բյուջետային» տարաձայությունների արդյունքում ավելի քան 700 հազար պետական աշխատող ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:

Եթե ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ պետական պարտքի «վերին սահմանի» բարձրացման հարցի շուրջ, ապա երկրին սպառնացող դեֆոլտը, որի հավանականությունը դեռևս գնահատվում է փոքր, կարող է մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

Share