Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր:

«Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ  մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը:

Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն:

Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:

Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին: «Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ «անգին կապիտալը» երկրում պահելու համար», – նշել է Դավլաթ Նիդոևը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:

Share