Բաժին. Տնտեսական

Ջանեթ Յելենը խոստացել է լուծել ԱՄՆ-ի բնակչության զբաղվածության խնդիրը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի թեկնածու Ջանեթ Յելենը հայտարարել է, որ Սենատի կողմից իր թեկնածության հաստատման պարագայում ինքը կանի հնարավոր ամեն-ինչ, որպեսզի նպաստի բնակչության առավելագույն զբաղվածության ապահովմանն ու երկրի ֆինանսական համակարգի կայունության հաստատմանը:

Reuters-ը գրում է, որ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Ջանեթ Յելենը կարծիք է հայտնել, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ամերիկյան տնտեսությանը հաջողվել է անցում կատարել վերականգնման փուլում և ապահովել որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան շատ անելիքներ: Նա նշել է, որ եթե Դաշնային պահուստային համակարգն արդյունավետ կերպով իրականացնի իր աշխատանքը, ապա կկարողանա լուծել առաջնային համարվող զբաղվածության խնդիրը:

Նշենք, որ Ջանեթ Յելենի թեկնածությունն առաջադրել է Բարաք Օբաման:

Սպասվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքում Ջանեթ Յելենը կտրուկ քայլեր չի ձեռնարկի երկրի դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխման հարցում:

67-ամյա Ջանեթ Յելենը Դաշնային պահուստային համակարգում աշխատում է 1977 թվականից:

Share