Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում աշխատանքային միգրացիայի կարգավորմանն առնչվող հարցեր

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության պատվիրակությունը:

Այցի նպատակն է՝ աշխատանքային միգրացիայի, իմիգրացիայի քաղաքականության և զբաղվածության ոլորտի բարեփոխումների փորձի փոխանակումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում Լեհաստանի շահագրգիռ կառույցների պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձառությունը աշխատանքային արտագնա միգրացիայի կարգավորման և դրա շուրջ միջազգային համագործակցության հարցերում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայությունների կարգավորման, աշխատանքային միգրանտների երաշխիքների, Արևելյան գործընկերության մի քանի երկրներին սեզոնային աշխատանքի համար տրամադրվող պարզեցված սխեմաների վերաբերյալ:

Հայաստանյան մասնագետները ևս հանդես են եկել ՀՀ-ում զբաղվածության, սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային և այլ քաղաքականությունների առանձնահատկությունների, աշխատանքային միգրացիայի կառավարման և կանոնակարգման ոլորտների լիազորությունների վերաբերյալ զեկույցներով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կողմերին հետաքրքող բազմաթիվ հարցեր:

Share