Բաժին. Տնտեսական

Կայացել է «Հայաստանը Ձեր գործընկեր. էքսպո 2013» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 11-ից 13-ը Կառավարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է «Հայաստանը Ձեր գործընկեր. էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։

Առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ «Հայաստանը` Ձեր գործընկեր» 2013 ցուցահանդեսին մասնակցել է ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություն` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան և այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ իրականացվել է համտես-մրցույթ: Սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն են ունեցել համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները քվեարկել են: Ցուցահանդեսի ավարտին ամփոփվել են արդյուքները, և առավելագույն քվե ստացած մասնակիցը արժանանացել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակին:

Ցուցահանդեսն ունեցել է հետևյալ թեմատիկ բաժինները՝ Առողջապահություն, Ապահովագրություն, Արդյունաբերություն, Առևտրային կազմակերպություններ, Բանկեր և վարկային կազմակերպություններ, Բեռնափոխադրում, Զբոսաշրջություն, Հանգստի և ժամանցի կենտրոններ, Ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիա, Իրավախորհրդատվական ծառայություն, Կանաչապատում և ձևավորում, Կահույք և կենցաղային տեխնիկա, Շինարարություն և շին-տեխնոլոգիաներ և Սննդարդյունաբերություն:

Ցուցահանդեսը կազմակերպել էր «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Share