Բաժին. Տնտեսական

Տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս – 2013» մրցանակաբաշխությունը

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Սիրահարների այգում (ք.Երևան, Բաղրամյան 21) տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս – 2013» մրցանակաբաշխությունը, որը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով և նրանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսով:

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի «ԱՃԵՑՆԵՆՔ» (GROW) համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը:

Մրցույթին մասնակցել են կանայք ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերից` ՕՔՍՖԱՄ-ի շահառու համայնքներից:

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել 20 կանայք ՀՀ բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող 1 կանանց կոմիտե և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:

Share