Բաժին. Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեն կհամագործակցի Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ

Պետական եկամուտների կոմիտեն համագործակցություն է սկսել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որը թույլ կտա համակարգի աշխատակիցներին և բիզնեսի ներկայացուցիչներին ձեռք բերել միջազգային որակի կրթություն: Հուշագրով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ և կոնֆերանսներ: Առանձին ուսումնական ծրագրեր կկազմակերպվեն նաև սկսնակ ՓՄՁ ներկայացուցիչների համար, արդյունքները կգնահատվեն քննությամբ` համակարգչային թեստավորման միջոցով:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ համաձայնագիրը լուրջ փոփոխություն է նախատեսում ՀԱՀ-ի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի գործելաոճում՝ նպաստելով բիզնեսի կառավարման միջազգային գործելաոճին ծանոթանալ ցանկացող տնտեսվարողների մասնագիտական զարգացմանը:

Նախատեսվում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը գործարարներին ծանոթացնելու է ժամանակակից հարկային, մաքսային վարչարարության բոլոր նրբություններին, իսկ Ամերիկյան համալսարանը լրացնելու է նրանց գիտելիքները բիզնեսի կառավարման ոլորտում:

Share