Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակել աջակցել Հայաստանի զարգացմանը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝ նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաև բարձր է գնահատել 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Տերեսա Դաբան Սանչեսը իր հերթին նշել է, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջև հետագա համագործակցության առնչվող հարցերին։

Share