Բաժին. Տնտեսական

Քննարկվել են միգրացիայի ոլորտում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը քննարկել են երկկողմ համագործակցությանն, ինչպես նաև Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մակարդակը և կարևորել Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են միգրացիայի ոլորտում թե երկկողմ, և թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական է գնահատվել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի և նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ է եղել ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարևորվել է նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվել է, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գործակալության կողմից և ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:

Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաև տեղեկացրել է, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման և անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք կարևորվել է վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Վալսը նշել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:

Զրուցակիցները բարձր են գնահատել նաև ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը:

Share