Բաժին. Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեն ստացել է միջազգային հավաստագիր

Պետական եկամուտների կոմիտեն BUREAU VERITAS միջազգային հավաստագրման մարմնի կողմից ստացել է ISO 27001:2005 հավաստագիր, որը վկայում է, որ ՊԵԿ-ի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտին:

Ավելի քան 2 տարի BUREAU VERITAS-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել է ՊԵԿ-ի գործունեությունը և կոմիտեն ճանաչել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող պետական կառույց:

Հավաստագիրը ստանալու կապակցությամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ BUREAU VERITAS-ի նման հեղինակավոր կազմակերպությանը դիմելը բավական ռիսկային էր, սակայն կոմիտեին հաջողվել է անցնել կազմակերպության բոլոր ստուգումներով և վաստակել միջազգային չափորոշիչների համապատասխանության հավաստագիր:

«Վերջին 4-5 տարում կոմիտեում համակարգերի ներդրումն իրականացվել է բացառապես մեր աշխատակիցների ուժերով` միջազգային կառույցների գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում: Եվ մեզ համար կարևոր էր հասկանալ` որքանով է ճիշտ մեր ընտրած ուղին: ՊԵԿ-ի և BUREAU VERITAS-ի աշխատակիցների կատարած համատեղ բարդ աշխատանքից հետո համոզվեցինք, որ ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտի ներդրումը հնարավորություն է տալիս հարկային և մաքսային ծառայություններն ապահովել տեղեկատվական բազաների և կառավարման համակարգի անվտանգության բարձր մակարդակով: ՊԵԿ-ում վստահ են, որ հավաստագրի առկայությունը կբարձրացնի նաև ՊԵԿ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում և վստահությունը պետություն-բիզնես հարաբերություններում:

ՊԵԿ-ի և BUREAU VERITAS-ի միջև համագործակցությունը սերտիֆիկացմամբ չի ավարտվելու. կողմերը շարունակելու են համագործակցել հավաստագրման միջազգային կազմակերպության այլ գործառույթների շրջանակներում և փորձելու են ավելի բարձրացնել Հայաստանում հարկային համակարգի արդյունավետությունը:

Share