Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում վրացական կողմը հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշներով, համագործակցության ընդլայնման հնարավորություններով:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրերի ու բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնտեսական տարին բարեհաջող էր և ներկայացրել է ոլորտի ամփոփ ցուցանիշները: Վրաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը:

Հանդիպմանը կողմերը ևս մի անգամ շեշտել են հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը:  

Նշվել է, որ երկրները ստորագրել են ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առևտրային հարաբերությանը և խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման և ներմուծման համար:

Նշենք, որ ավանդաբար Հայաստանից Վրաստան է արտահանվում կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝ ցիտրուսային մրգեր:

Share