Բաժին. Տնտեսական

Նախագահ. Չպետք է դանդաղել գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ճանապարհին

Այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում: Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները, ինչը նշանակում է, որ չպետք է դանդաղել գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:

«Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը», – ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է խորացնել միջազգային գիտական համագործակցությունը:

«Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրների գիտությունը անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության: Ներկա աշխարհում դա պարզապես անհնար է: Մենք առավել ևս պետք է շահագրգիռ լինենք և կտրուկ ընդլայնենք մեր գիտական միջազգային համագործակցությունը: Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում: Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք», – ընդգծել է Նախագահը:

Share