Բաժին. Տնտեսական

Շվեյցարիան «պաշտոնապես հրաժարվել է» բանկային գաղտնիքից

Շվեյցարիայի դարձել է 58-րդ երկիրը, որը ստորագրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկային հարցերով փոխգործակցության մասին միջազգային Կոնվենցիան:  Այս մասին նշվում է ՏՀԶԿ տարածած հայտարարության մեջ:

Շվեյցարիայի կողմից իրականացված այս քայլը խոսում է այն մասին, որ երկրում մեկնարկում է բանկային գաղտնիքի վերացման գործընթաց:

ՏՀԶԿ-ում վստահ են, որ Շվեյցարիայի կողմից Կոնվենցիայի ստորագրումը մեծ դեր կխաղա հարկերից խուսափման դեմ պայքարում:

Սպասվում է, որ արդեն հաջորդ քայլով Շվեյցարիայի կստորագրի բանկերի հաճախորդների տվյալների ավտոմատ փոխանցման մասին համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի «բանկային գաղտնիքի» դեմ ուղղված միջազգային ճնշումների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում երկրի ֆինանսական շուկայի նկատմամբ կիրառովող զգուշավորության պայմաններում կրճատվել է Շվեյցարիայում գործունեություն ծավալող միջազգային բանկերի թիվը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ տարվա ընթացքում Շվեյցարիայում գործող միջազգային բանկերի թիվը 145-ից կրճատվել և հասել է 129-ի: Միևնույն ժամանակ, 2008-2012թթ. Շվեյցարիայում գործող օտարերկրյա բանկերի համախառն ակտիվները կրճատվել են 25%-ով և այժմ կազմում են շուրջ 921 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ Շվեյցարիան աստիճանաբար կկորցնի «հարկային դրախտի» իր կարգավիճակը:

Share