Բաժին. Տնտեսական

Կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 16-ին կայացել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

ԱԺ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում հանձնաժողովը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից է լինելու կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների և կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, կարգավորվող ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումների խրախուսման և կարգավորման դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2013 թվականին հանձնաժողովի կողմից լրամշակվել և օրենսդրական նոր իրավակարգավորմանն են համապատասխանեցվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ հանձնաժողովը համապատասխան փոփոխություններ և լրացումներ է իրականացնում էներգետիկայի բնագավառի լիցենզավորման և էլեկտրական էներգիայի (հզորության) ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգերում:

Այնուհետև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ըստ պարոն Շաբոյանի, հիմք ընդունելով ներկայացված տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը, բացահայտված հիմնախնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով նախորդ տարիներին տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կուտակած փորձ՝ սահմանել է այն միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են մրցակցության պայմանների ապահովմանը, բարելավմանը և երկրի տնտեսական բնագավառի բարեփոխումների արդյունավետ խթանմանը:

Հանձաժողովը նաև քննարկել և նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրինագծին, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել նպաստավոր պայմաններ երաշխիքային ֆոնդի գործունեության համար:

Share