Բաժին. Տնտեսական

Կառավարությունը մերժել է Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծերը

Կառավարությունը քննարկել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաև «Արտարժույթի մասին» օրենքի նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Առաջին երկու օրինագծով առաջարկվում է 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի տարածքում արգելել արտարժութային վարկերը` ելնելով տնտեսվարող սուբյեկտների` տնտեսավարման հավասար դաշտում գործելու, ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու, միջազգային պահուստները խնայելու անհրաժեշտությունից, իսկ երրորդով` արգելել արտարժութային գները:

Ներկայացված օրինագծերի ընդունումը կառավարությունը համարել է ոչ նպատակահարմար:

Կառավարության պարզաբանմամբ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի համաձայն ՀՀ տարածքում վարկերը տրամադրվում են միայն դրամով, իսկ արտարժույթով` հիմնականում միայն բիզնես վարկերը, և բացի այդ, ըստ կառավարության, նշված օրենքը սահմանել է այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share