Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստան-Արգենտինա տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Արտաքին առևտրի քարտուղար Բեատրիզ Պագլիերիի գլխավորած պատվիրակությանը:

էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարար Վահրամ Ավանեսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-արգենտինական տնտեսական հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, մասնավորապես` ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում: Նախարարը նաև անհրաժեշտ է համարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա ներուժի բացահայտումն ու համագործակցության ակտիվացումը:

Արգենտինայի Հանրապետության Արտաքին առևտրի քարտուղար Բեատրիզ Պագլիերին իր հերթին ասել է, որ հայերը աչքի են ընկնում իրենց ձեռներեցությամբ և նշել է, որ արգենտինահայ շատ գործարարներ ներգրավված են կոշիկի արտադրության, դեղագործության, տեքստիլի և արդյունաբերության այլ ոլորտներում:

Նրա խոսքով` հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովը, որ կազմակերպվել էր Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության և Զարգացման հայկական գործակալության համատեղ ջանքերով, անշուշտ կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Նշենք, որ համաժողովի շրջանակներում հայ գործարարները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց գործարար առաջարկները Արգենտինայից ժամանած 25 բազմաոլորտ ընկերություններ ներկայացնող գործարարների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:

Share