Բաժին. Տնտեսական

Ակունք համայնքում ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրվում է ելակ, ազնվամորի և մոշ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Ակունք համայնքում գտնվող «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությանը պատկանող ելակի, ազնվամորու և մոշի տնտեսություն, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նշվել է, որ ընկերությունն Ակունքում 2012թ. վարձակալված 10 հա հողատարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպում է վերոնշյալ հատապտուղների ընտրված սորտերի արտադրություն, որոնք հաջողությամբ աճում են Հայաստանի պայմաններում և ապահովում բարձրորակ բերք: Էկոլոգիապես մաքուր բերք ստանալու համար արտադրությունում օգտագործվում են հիմնականում Եվրոպայից ներկրված բնական պարարտանյութեր, իսկ վնասատուների դեմ՝ միայն կենսաբանական միջոցներ, որոնք ավելի թանկ են, քան քիմիականը:

2013թ. ներմուծվել և հողապարկերի մեջ տեղադրվել են 16 հազ. ազնվամորու, 4 հազ. մոշի տնկիներ, ինչպես նաև 350 հազ. հատ ելակի սածիլներ, որոնց մի մասն աճեցվում է որոշակի բարձրության դարակների վրա:

Ներկայումս աշխատանքներ են տարվում 2013թ. վարձակալված 6 հա հողատարածքի վրա կազմակերպելու բարձր բերքատվությամբ սորտի կեռասի այգի, որի արտադրանքը նույնպես արտահանվելու է, ինչպես նաև՝ տնկիների և սածիլների սեփական արտադրություն:

Փորձնական նպատակով կառուցվում է զովացնող համակարգերով ջերմատուն, ինչը հնարավորություն կտա տարածքն օգտագործելու նաև ամռանը:

Ծրագրով իրականացվող ներդրումները կազմում են շուրջ 3.5 մլն դոլար: Ընկերությունում աշխատում է 73 մարդ՝ 100-125 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Աշխատակիցները հիմնականում Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներ են:

Share