Բաժին. Տնտեսական

Չարենցավանում բացվել է «Ասկե գրուպ» ընկերության մետաղական ամրանների արտադրության գործարանը

Չարենցավանում բացվել է «Ասկե գրուպ» ընկերության մետաղական ամրանների արտադրության գործարանը: Բացման արարողությանը մասնակցել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը ծանոթացել է վերազինված արտադրամասի հնարավորություններին, իրականացված ներդրումներին:

Նշվել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ, 3 տարի ժամկետով հետաձգելով ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը, ընկերությունն իրականացրել է պողպատի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ, ամրանների արտադրության համար կազմակերպել նոր արտադրամաս:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործարանում աշխատել է 76 մարդ՝ 71 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Պողպատի ձուլման նախկին գործարանի վերապրոֆիլավորման արդյունքում «Ասկե գրուպ» ընկերությունն ավելացրել է աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն 330-ի: Այսօր ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ձուլման արտադրամասի գործարկումից հետո գործարանում կստեղծվի ևս 150 նոր աշխատատեղ:

Գործարանում Նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցի ավարտին Նախագահի ներկայությամբ ստորագրվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրին «Ասկե գրուպ» ընկերության աջակցության վերաբերյալ փոխըմբռնման երկու հուշագիր՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Ա.Քարամյանի, կապալառու «Էյ-Դի-Էյ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մելքումյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի, կապալառու «Հորիզոն-95» ՍՊԸ ղեկավար Գագիկ Գալստյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև:

Հուշագրերով ամրագրվել է, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցներով «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետների համար» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները և ԵՃՇՊՀ աջակցությամբ երիտասարդ դասախոսների, մասնագետների և գիտաշխատողների համար բազմաբնակարան շենքի կառուցման, նույն համալսարանի մասնաշենքերի ուժեղացման և ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Ասկե գրուպ» ընկերության արտադրության 10-32 մմ տրամագծով A500S դասի ամրանների օգտագործմամբ: Իր հերթին «Ասկե գրուպ» ընկերությունը նշված ամրանները 10 տոկոս զեղչով տրամադրելու է շինարարական ընկերություններին:

Share