Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյանն այցելել է Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոն

Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում այժմ աշխատում է Երևանից իրենց ընտանիքներով Դիլիջան տեղափոխված 58 աշխատակից: Այս մասին նշվել է Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կենտրոն կատարած այցի շրջանակներում:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում Նախագահին ներկայացրել են կենտրոնի հիմնական նպատակը և ընթացիկ աշխատանքները: Նշվել է, որ ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտի ստեղծմամբ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր, կվերապատրաստվեն ԿԲ աշխատակիցներ:

Նշվել է նաև, որ կենտրոնում տարածքներ են հատկացված առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Տարածքում տեղակայված է նաև տարածքային դրամարկղային կենտրոնը, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Կենտրոնում իր նիստերն է գումարում նաև ԿԲ խորհուրդը:

Այստեղ առանձին տարածք է հատկացված Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար: 2013թ. սեպտեմբերից իրականացվում է Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը՝ ձևավորված ԿԲ պահանջներին համապատասխան:

Ըստ պատասխանատուների, «Այբ» դպրոցի հետ համատեղ Դիլիջանում կառուցվում է դպրոցի նոր շենք, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս դպրոցի աշխատանքները կազմակերպվում են կենտրոնում, որտեղ ուսանում է ԿԲ աշխատակիցների և Դիլիջանի բնակիչների 45 երեխա:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում գործող միջազգային չափանիշներին համապատասխան ցերեկային ժամանցի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաներ: Մանկական կենտրոնը նախատեսված է նաև Դիլիջանի և հարակից բնակավայրերի երեխաների համար:

Դիլիջանում Նախագահը ծանոթացել է նաև ԿԲ աշխատակիցների համար կառուցված բնակելի տարածքներին, որտեղ քոթեջներից բացի նախատեսվում է ունենալ նաև սպորտային միջոցառումների, առևտրի և սպասարկման ենթակառուցվածքներ, բացօթյա և փակ լողավազաններ:

Share