Տնտեսական

Վաշինգտոնը և Թեհրանը կարող են քննարկել ԱՄՆ-ի մուտքը Իրանի հազվագյուտ մետաղների, նավթի և գազի պաշարներին

Ժնևում նախատեսված բանակցությունների ընթացքում Թեհրանը և Վաշինգտոնը կարող են հնարավոր համաձայնագրի շրջանակում քննարկել Իրանի բնական պաշարներին ԱՄՆ-ին մուտք տրամադրելու հնարավորությունը՝ որպես տնտեսական խթան՝ ամերիկյան հարձակումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ անցած տարի ամերիկա-իրանական բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում քննարկվել են բիզնես-գործարքներ, որոնք կարող էին կնքվել միջուկային համաձայնագրի հետ միասին՝ ներառյալ «ԱՄՆ-ին արտոնյալ մուտք տրամադրելը Իրանի նավթային, գազային և հազվագյուտ հողային  ռեսուրսների մշակմանը»։

«Ակնկալվում է, որ այս թեման կրկին կբարձրացվի», – CNN-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։

Այսպիսով, ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Իրանի կառավարությունը կարող է փորձել կանխել ԱՄՆ-ի հարձակումը տնտեսական խթանների միջոցով, իսկ բանակցություններում կողմերի սկզբնական կոշտ դիրքորոշումները կարող են փոփոխվել։

Միաժամանակ Պարսից ծոցի արաբական երկրները խորապես մտահոգված են, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները կարող են ապակայունացնել տարածաշրջանը։

Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ նրանք լոբբինգ են իրականացնում ռազմական գործողությունների հետաձգման օգտին՝ դիվանագիտությանը ավելի շատ ժամանակ տալու համար։

CNN-ը ուշադրություն է հրավիրում, որ սպասվող բանակցությունների ֆոնին ԱՄՆ-ը շարունակում է զգալիորեն մեծացնել իր օդային և ռազմածովային ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում։

Աղբյուրների տվյալներով՝ այդ ուժերը տեղակայված են այնտեղ «թե՛ Թեհրանին զսպելու, թե՛ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում երկրին հարվածներ հասցնելու հնարավորություն ապահովելու նպատակով»։

Share