Բաժին. Տնտեսական

Կայացել է Ազգային Հիփոթեքային Ընկերության 7-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

Հոկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ և 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի   տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի թվով 6 անդամ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,525,803,964.48 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 912,170,187 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5491%:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ից տեղեկացնում են, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share