Բաժին. Տնտեսական

Վարչապետը հանդիպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամների հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին:

Հանդիպմանը Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հոկտեմբերի վերջին կիրակի օրը սահմանել է որպես հայ ոսկերչի մասնագիտական տոն:

«Հայ ոսկերիչներն ունեն դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ, և դա մեր ազգային հարաբերական առավելությունն է, որը պարտավոր ենք օգտագործել: Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, աշխարհահռչակ գործարարներ, ինչը վկայում է այն մասին, որ այս բնագավառում տաղանդաշատ հայ ժողովուրդը կարող է մրցակցել և հասնել լուրջ հաջողությունների: ՀՀ կառավարությունը Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ ստորագրել է պայմանագիր, որով մենք հիմք ենք դրել պետություն-մասնավոր համագործակցության համար և ստանձնել փոխադարձ պարտավորություններ: ՀՀ կառավարությունն ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու և ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Այդ առումով ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ոսկերչության զարգացման համար», -ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանը վարչապետ Սարգսյանը զրուցել է տարբեր երկրներից ժամանած հայ ոսկերիչների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել ոլորտում իրականացվող ծրագրերի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:

Նշենք, որ «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին: Ամենամյա այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից և ավելի քան երկու տասնյակ երկրներից։

Share