Բաժին. Տնտեսական

Կազմակերպվելու է «Հայկական խաղողի հմայքը» խորագրով միջոցառում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպվելու է «Հայկական խաղողի հմայքը» խորագրով միջոցառում, որտեղ իրականացվելու է խաղողից պատրաստված տարբեր արտադրատեսակների՝ խմիչքների, ճաշատեսակների ներկայացում և հյուրասիրություն: Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, Ստրասբուրգի Առևտրաարդյունաբերական պալատում կկազմակերպվի հայկական գինու և կոնյակի ներկայացում և համտես: Այս մասին տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալությունից:

Նշվում է, որ «Հայկական խաղողի հմայքը» միջոցառման անցկացման նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես խաղողագործության և գինեգործության հազարամյակների ավանդույթներ ունեցող երկիր իր պատմությամբ, խաղողի տեսակներով, արտադրական տեխնոլոգիաներով, զարգացման միտումներով: Հայկական գինու և կոնյակի համտեսման նպատակն է միջազգային հարթակում ներկայացնել հայկական գինու և կոնյակի յուրահատուկ համային հատկանիշները և առանձնահատկությունները: Ներկայացված են լինելու 11 հայկական ընկերությունների  արտադրատեսակների ընտրանին:

Վերոնշյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Զարգացման հայկական գործակալությունը, իսկ կազմակերպչական աշխատանքների օժանդակումը և ֆինանսական աջակցությունն իրականացնում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամը՝ «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման 2013 թվականի ծրագրի» շրջանակներում:

Share