Բաժին. Տնտեսական

2014թ. պետական բյուջեից Երևանին կտրամադրվի 10,4 մլրդ դրամ

2014 թվականի պետական բյուջեից Երևանին տրամադրվող դոտացիայի ծավալը կկազմի 10 մլրդ 432 մլն 939 հազար դրամ: Նման տվյալներ է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ:

Նշվել է, որ նախատեսվում է սուբվենցիաների հատկացում Երևանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելու համար՝ շուրջ 7.4 մլրդ դրամ: Քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվում է 837.5 մլն դրամ, արտադպրոցական դաստիարակության գծով ծառայությունների համար՝ 489.8 մլն դրամ, մշակութային ծրագրերի սուբսիդավորման համար՝ 773.4 մլն դրամ, թանգարանային ծառայությունների և ցուցահանդեսների գծով՝ 234.2 մլն դրամ, կենդանաբանական այգու ֆինանսավորման համար՝ 231.4 մլն դրամ, թատերական ներկայացումների համար՝ 307.8 մլն դրամ: Պարոն Արեյանը տեղեկացրել է նաև, որ Երևանի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների համար հատկացվել է 3 մլրդ 284 մլն դրամ:

Share