Բաժին. Տնտեսական

Բուհերը՝ խոշոր հարկատուների ցանկում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ցանկում  ընդգրկվել են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ, այդ թվում՝ 20 բուհ և Կրթության ազգային ինստիտուտը:

Այսպես, խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1 մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է:

Չորրորդը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է՝ 439 մլն 488 հազար դրամով, և գտնվում է  185-րդ տեղում, որին  հաջորդում է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ, 420 մլն 953 հազար դրամ):

Խոշոր հարկատուների ցանկում,  ըստ հաջորդականության, ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:

Կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները՝ թվարկված  կրթական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ դրամ:

Նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը կազմել էր շուրջ 3,9 մլրդ դրամ:

Share