Բաժին. Տնտեսական

Իսպանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով

Իսպանական Riegos Levante Hellin և INGESAgua ընկերությունները, որոնք զբաղվում են ոռոգման կաթիլային համակարգերի, պոմպակայանների, հիդրավլիկ մեքենաների և ֆիլտրման համակարգերի, ջրամբարների կառուցման, ինչպես նաև հակակարկտային պաշտպանիչ ցանցերի հետ կապված ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ,  ցանկանում են գործունեություն ծավալել նաև Հայաստանում:

Ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նշվել է, որ վերջին տարիներին Հայաստանում ևս կարևորում են նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում, և կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի շահագործումը խիստ արդիական է Հայաստանի համար, քանի որ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում ոռոգման ջրի կորուստների և կարկտահարության հետևանքով: Բացի այդ, հանրապետությունում զարգանում է պտղաբուծությունը և խաղողագործությունը, ինչը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:

Նախարարն առաջարկել է նաև իսպանացի գործարարներին ուսումնասիրել կաթիլային ոռոգման սարքավորումների և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կուսումնասիրեն Հայաստանի գյուղատնտեսության հնարավորությունները և կոնկրետ առաջարկներով հանդես կգան:

Share