Բաժին. Տնտեսական

Վարդենիսում բացվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բացվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Բացմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին:

Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի:

Կառավարությունից հայտնում են, որ իրականացվել է կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:

Նշենք, որ սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Կառավարությունում վստահ են, որ այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:

Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:

Share