Բաժին. Տնտեսական

Ստվերային տնտեսության դեմ պայքարը տալիս է լավ արդյունքներ

Տարեսկզբին Պետական եկամուտների կոմիտեն խորացրել էր ստվերային տնտեսության դեմ պայքարը՝ ուժեղացնելով հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ: Ըստ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության տվյալների՝ այսօր արդեն տնտեսվարող սուբյեկտների զգալի մասն սկսել է աշխատել փաստաթղթաշրջանառության հստակ ընթացակարգերով, կարգազանցներն էլ տուգանվել են:

Ըստ ներկայացված տվյալների՝ եթե նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում դուրս էր գրվել մոտ 4.9 միլիոն հարկային հաշիվ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կտրուկ ավելացել է` կազմելով շուրջ 6.5 միլիոն:

Նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված գումարը մոտ 1.3 տրիլիոն դրամ էր կազմել, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է շուրջ 300 միլիարդով` կազմելով 1.6 տրիլիոն դրամ:

Շուրջ 2000 վարչական ակտով տուգանքը կազմել է 710 միլիոն դրամ, որի մեծ մասն արդեն իսկ վճարվել է:

Պետական եկամուտների կոմիտեում նշում են, որ փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը նոր չէ, հարցն այսօր ավելի խիստ է դրված, քանի որ հարկային վարչարարության և ընթացակարգերի բարեփոխմանն ուղղված միջոցառումների արդյունքը հնարավորություն է տալիս համալիր հսկողության միջոցով ավելի արդյունավետ պայքարել առանց փաստաթղթի ապրանքաշրջանառության դեմ: Պայքարի ուղիները գտնված են. հանրապետության ամբողջ տարածքում պետք է խաղի մեկ` միասնական կանոն գործի, բոլորը պետք է աշխատեն փաստաթղթաշրջանառության հստակ սահմանված ընթացակարգերով:

Share