Բաժին. Տնտեսական

Արդեն 6-րդ եռամսյակն անընդմեջ մեր երկրում գրանցվում է սպառողների վստահության ցուցանիշի անկում

Արդեն 6-րդ եռամսյակն անընդմեջ մեր երկրում գրանցվում է սպառողների վստահության ցուցանիշի անկում: 2012 թվականի առաջին եռամսյակում գրանցված 47,1 կետից սպառողների վստահության ցուցանիշը նվազել և ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 41,9 կետ:

Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցումների համաձայն՝  մեր երկրի տնտեսության ընդհանուր վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների ընթացիկ գնահատականները վատատեսական են: Ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից աճել են խոշոր գնումներ կատարելու փաստի և ֆինանսական վիճակի փոփոխության ցուցանիշները, որոնք սակայն դեռևս զիջում են 2012 թվականի առաջին եռամսյակում գրանցված արդյունքները: Ինչ վերաբերում է ապագա պայմանների ցուցանիշին, ապա այն գտնվում է կայունության միջակայքում: Այստեղ աճել են գալիք եռամսյակում զբաղվածության սպասումները:

Նշենք, որ սպառողների վստահության ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Այն հաշվարկվում է ընթացիկ պայմանների և ապագա սպասումների ցուցանիշների հիման վրա: Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշը՝ ապագային վերաբերող հարցերի  արժեքների միջին թվաբանական մեծություն:

Սպառողների վստահության ցուցանիշի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ: Արժեքների 45-ից 55 միջակայքը դիտարկվում է որպես կայունության միջակայք:

Share