Բաժին. Տնտեսական

Հայ գործարարները լավատես են

Հայ գործարարների շրջանում տրամադրվածությունը լավատեսական է. ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում մեր երկրում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 55.6 կետ, գործարար միջավայրի ցուցանիշը՝  54.2 կետ:

Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցումների համաձայն՝  գործարար ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է առևտրի ոլորտում՝ 57.8 կետ: Ակտիվության ամենացածր ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 53.3 կետ: Միևնույն ժամանակ, գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 56.8 կետ, ամենացածրը՝ կրկին շինարարության ոլորտում՝ 52.3 կետ:

Նշենք, որ գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների հաշվարկն իրականացվում է գործարարների շրջանում անցկացված հարցման պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով:

Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընկերության տնտեսական վիճակը ընթացիկ, իսկ սպասման արժեքը գալիք եռամսյակում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշների հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները:

Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share