Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստը

Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի շրջանակներում Նախագահը հանդես է եկել ելույթով: Նա բարձր է գնահատել խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր՝ նշելով, որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցության համար: Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԳԱՏԷ-ին և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին:

ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մաuնագետներից:

Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:

Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`

– ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.

– ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

Խորհրդի անդամներն են՝

• Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)

• Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)

• Ռոբերտ Ավագյան (Հայաստան)

• Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)

• Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)

• Վալերի Բեզզուբցև (ՌԴ)

• Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)

• Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)

• Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)

• Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)

• Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)

• Ժոզեֆ Միշակ (Չեխիա)

Share