Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխգործակցության մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխգործակցության խորացման մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ հուշագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին:

Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:

Share