Բաժին. Տնտեսական

Կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Երևանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակներում քննարկվել են ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արձանագրվել է, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվել են աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ է համարվել Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:

Կարևորվել է նաև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և պահածոներ արտահանելու, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու և կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրել են, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, և ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ:

Էներգետիկայի բնագավառում ևս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Իրաքում իրականացնել կիսակառույց և արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Նիստի շրջանակներում կարևորվել է գործարարների միջև շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում և Իրաքում: Կողմերը պայմանավորվել են խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաև անհրաժեշտ են համարել համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Share