Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման հետ կապված հարցեր

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր:

Կրթության և գիտության նախարարության Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ հանդիպմանը, քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման և զարգացման, այլև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկու հասարակությունների  մերձեցման համար:

Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:

Ակադեմիկոս  Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն  կրթության կազմակերպումը Հայաստանում:

Share