Բաժին. Տնտեսական

Նախարարը հանդիպել է Արարատի և Արմավիրի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչների հետ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը ներկայացրել է խորքային ապօրինի հորերի կոնսերվացման և փակման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած վերջին քայլերը և նշել, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված հիմնախնդիրը լուծելու և  արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակն վերականգնողականի հասցնելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկում է համապարփակ օերնսդրական և գործնական միջոցառումներ:

Նախարար Հարությունյանը նկատել է, որ արդյունավետ կլինի, եթե գործադիրն  աշխատի ոլորտում գործունեություն ծավալած տնտեսվարողների հետ փոխադարձ համաձայնության դաշտում՝ խուսափելով պետական միջոցներով հորերը կոնսերվացնելու և հետագայում դատարանի որոշումներով տնտեսվարողներից ծախսված գումարները գանձելու տարբերակից: Սակայն նույնիսկ պարտադիր կարգով կոնսերվացնելու դեպքում էլ առաջնային կդիտարկվի տնտեսվարողների շահերը, աշխատանքները կարվեն հիմնավոր հաշվարկներից ու իրավիճակի առարկայական գնահատականներից հետո միայն և այնպես, որպեսզի տնտեսվարողին հնարավորություն ու ժամանակ տրվի կարգավորել իր գործողությունները՝ տնտեսական վնասներից խուսափելու համար:

Նախարար Հարությունյանը նկատել է, որ խորքային ջրերի մակարդակի վերականգնումը բխում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների շահերից, ինչը՝ ոլորտում երկարաժամկետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է: Հանդիպման մասնակիցներին առաջարկվել է առաջիկա երկու ամսվա ընթացքում սեփական նախաձռնությամբ կոնսերվացնել զգալի քանակության ինքնաշատրվանող ապօրինի հորեր, ինչը պատրաստակամությամբ է  ընդունվել:

Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար Արամ Հարությունյանը առաջարկել է ձևավորել ձկնաբույծների ներկայացուցիչների խումբ, որը կմասնակցի ՀՀ բնապահպանության նախարարությունում խնդրի վերաբերյալ անցկացվող ամենշաբաթյա խորհրդակցություններին:

Share