Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են Հանրապետության հրապարակի վերակառուցման հանրապետական մրցույթի արդյունքները

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է  երկու փուլով։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին փուլում մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված նախագծային առաջարկները և սահմանել գնահատման չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին հրավիրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Երկրորդ փուլում հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, փակ, գաղտնի  քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:

Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային 14 առաջարկները գնահատել բալային համակարգով՝ ըստ մրցութային  պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և  պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ու քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:  

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական  դրամ խրախուսական մրցանակներ:

Ըստ այդմ, խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի,  Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները:

Share